ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանային բոլոր ձևաչափերում Ադրբեջանի հետ սերտ փոխգործակցությամբ:
«Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ տարբեր տարածաշրջանային ձևաչափերով՝ ԱՊՀ և ՇՀԿ, Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողով, Կասպյան հնգյակ և «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակ»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության նիստերին բարի ավանդույթ է դարձել, ինչն էլ, նրա խոսքով, նպաստում է երկրների միջև երկխոսության ամրապնդմանն ու զարգացմանը։
«Մենք տեսնում ենք Բաքվի և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսության ամրապնդում, ինչի վկայությունն է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ավանդական մասնակցությունը որպես պատվավոր հյուր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։ Դրական ենք գնահատում Բաքվի համագործակցությունը նաև ԱՊՀ ձևաչափով»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովան նաև ողջունել է Բաքվի միացումը Դուշանբեի հոկտեմբերի 10-ի գագաթնաժողովի մի շարք ամփոփիչ փաստաթղթերին։ Դրանց թվում են պետությունների ղեկավարների հայտարարությունները՝ միջազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ։