Եգիպտական Al-Shorouk թերթի փոխանցմամբ՝ Պաղեստինի ազգային ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը կմասնակցի Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին, որտեղ տեղի կունենա Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը չեն մասնակցի ստորագրման գործընթացին։ Ընդ որում՝ գագաթնաժողովի օրն առավոտյան խմբավորումը սկսել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին։
Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում նախատեսված է միջազգային «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել։ Հանդիպման ժամանակ ենթադրվում է ստորագրել Գազայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր։ Անցյալ շաբաթ եգիպտական հենց այս քաղաքում է ստորագրվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նախնական պայմանավորվածությունը։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպումը համանախագահելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին, իսկ գագաթնաժողովին կմասնակցեն մոտ 20 համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Եգիպտոս է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: