Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «որևէ դեր չի խաղա» Պաղեստինի ապագա կառավարման հարցում։ Հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ տեսաուղերձի միջոցով:
Նա ստիպված է եղել տեսակապի միջոցով խոսել, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է նրան վիզա տրամադրել ՄԱԿ-ի կենտրոնակայան այցի համար։ Իր ելույթում նա հստակ ներկայացրել է Գազայի հետպատերազմյան կառուցվածքի ապագա ծրագրերը։
Նրա ելույթի առանցքն ամբողջական ապառազմականացման և ՀԱՄԱՍ-ին իշխանությունից հեռացնելու պահանջն է եղել։ Աբբասի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը և մյուս խմբավորումները պետք է իրենց զենքերը հանձնեն Պաղեստինյան ինքնավարությանը և ՀԱՄԱՍ-ը որևէ դեր չի ունենալու կառավարման հարցում։
«Մենք ցանկանում ենք մեկ, միասնական պետություն առանց զենքի, պետություն՝ միասնական օրենսդրությամբ և միասնական, օրինական անվտանգության ուժերով։ Մենք նաև դատապարտում ենք օկուպացիան, դատապարտում ենք խաղաղ բնակիչների սպանություններն ու ձերբակալությունները, ներառյալ ՀԱՄԱՍ-ի գործողությունները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին»,- ասել է Պաղեստինի ղեկավարը:
Իր ելույթի վերջում Աբբասը խոստացել է անցկացնել բարեփոխումներ և ժողովրդավարական ընտրություններ հրադադարի հաստատումից հետո մեկ տարվա ընթացքում: Նա նշել է, որ քվեարկությունը կանցկացվի միջազգային հսկողության ներքո՝ դրա թափանցիկությունն ու լեգիտիմությունն ապահովելու համար։