Շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ թուրքական, մենք էլ գնանք, այնտեղ ներդրումներ անենք: Եթե ձեզ թվում է՝ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությանը: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ինչ վերաբերում է TRIPP-ին, Պապոյանը հայտարարեց, որ դրա մասով համագործակցությունը միայն և միայն Միացյալ Նահանգների հետ է լինելու:
«Ճանապարհի հետ որևէ այլ երկիր գործ չունի: Ճանապարհի հետ գործ ունեն ՀՀ-ն և Միացյալ Նահանգները: Այս հարցը սևով սպիտակի վրա գրված է: Այլ բան հնարավոր չէ, այլ բան չի էլ լինելու»,- ասաց Պապոյանը:
Հարցին՝ իսկ TRIPP-ը ենթադրո՞ւմ է Երասխից Նախիջևան ճանապարհահատվածի կառուցում, Պապոյանը պատասխանեց՝ Երասխից Նախիջևան երկաթուղու կտորը 1 կիլոմետրանոց փոքր հատված է, և որ դա անպայման գործակվելու է: «Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է 40 քանի կիլոմետրը սարքենք, այդ մի կիլոմետրը չէ,- ասաց նա, ապա անդրադառնալով ադրբեջանական կողմին ճանապարհ տալու խոսակցություններին, հավելեց.- Մենք ճանապարհ չենք տալիս, մենք ճանապարհ ենք կառուցում ՀՀ-ում: Դա ՀՀ-ի սուվերեն տարածքն է, դա մեր ճանապարհն է, մեր»: