«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի փակմանն ընդառաջ անց է կացվել միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մրցանակաբաշխության արարողությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Մրցանակաբաշխությանը Հայաստանի ազգային տաղավարը Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի կողմից ճանաչվել է երկրորդ լավագույն C դասի տաղավարը՝ «ցուցադրություն և դիզայն» անվանակարգում։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է միջազգային մասնակիցների շրջանում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և բյուրոյի անկախ ժյուրին 6 ամիս շարունակ գնահատում է միջազգային տաղավարներն ըստ ներկայացված գոտիների երկու հիմնական անվանակարգերում՝ «խորագրի զարգացում» և «ցուցադրություն և դիզայն»:
2025 թվականին Համաշխարհային ցուցահանդեսն անց է կացվում ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում:
Հայաստանը 2025 թվականի համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով տաղավարով, որտեղ ներկայացված են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու նորարարական ներուժը։