Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը երկարատև հաջող համագործակցության պատմություն ունի: Կառավարության նիստի ժամանակ ասել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
«Մասնավորապես, հենց հիմա մեկնարկում է 26 մլն եվրո դրամաշնորհային ծրագիր, որն ուղղված է կենսաբազմազանության պահպանությանը Հայաստանում, մասնավորապես՝ մեր ազգային պարկերի, արգելոցների և արգելավայրերի կառավարման պլանների մշակում և ամբողջությամբ վերազինում, նաև նորաստեղծ էկոպարեկային ծառայության վերազինում, Հայաստանի անտառային համակարգի բարեփոխում և վերազինում:
Արդեն ավարտին է մոտենում KfW բանկի հետ համագործակցությամբ նաև 8 մլն եվրո դրամաշնորհային միջոցի ծրագիրը, որը հիմնականում ուղղված էր Սյունիքում գործող պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանը, մասնավորապես, 7 պահպանվող տարածքներն են վերազինվել, կառավարման պլաններ են մշակվել, և հարակից համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Մի շարք գյուղերում, օրինակ՝ Ներքին Հանդ, Շիկահող գյուղերում, փոխվել են պատուհաններ, տրամադրվել են արևային ջրատաքացուցիչներ, էներգախնայող վառարաններ, Կապան համայնքում են իրականացվել աշխատանքներ աղբահանության ոլորտում, հրշեջ ծառայության ոլորտում: Ինչպես նաև կար Եվրոպական միությունը Սևանա լճի համար ծրագրի շրջանակներում Գերմանիայի Կառավարության համաֆինանսավորումը: Այդ ծրագիրն էլ արդեն ավարտին է մոտենում, որի շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված լճի էկոհամակարգի պահպանությանը»,- նշել է նա: