Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը։
«ՀՀ-ն շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ հիմք ընդունելով ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև Երևանում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը և Գերմանիայի Դաշնային Կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի դրույթները»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ներկայացրեց, թե ինչ օժանդակություն է նախատեսվում համաձայնագրով, ընդգծելով, որ դա դրամաշնորհային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն։
Ըստ այդմ նախատեսվում է տրամադրել՝
-
մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն ՀՀ-ում՝ մինչև 6.1 մլն եվրո.
-
կենսակայուն էներգետիկա հանուն ՀՀ համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6.1 մլն եվրո.
-
Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3.1 մլն եվրո.
-
ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 0.3 մլն եվրո:
«Այսպիսով՝ ԳԴՀ կառավարությունը համաձայնագրի առաջին կետով ներկայացված վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և դրամական ու ոչ դրամական ծառայություններ՝ ընդհանուր 15.6 մլն եվրո արժեքով։ Նշված ծրագրի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ GIZ-ին։ ՀՀ կառավարության և ԳԴՀ-ի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է մեր Կառավարության ծրագրի 5.1 կետից, այն է՝ ՀՀ արտահանման ռազմավարության և կից ճանապարհային քարտեզի մշակում և իրականացում»,- նշեց Գևորգ Պապոյանը։