Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում պաշտոնապես շաթդաուն է սկսվել, դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնեցնել նոր ֆինանսական տարվա բյուջեն: Սա առաջին նման դեպքն է գրեթե յոթ տարվա ընթացքում։ Շաթդաունի ժամանակահատվածում շատ պետական գործակալություններ և ծրագրեր դադարեցնում են աշխատանքը, դաշնային աշխատողների մեծ մասը մնում է առանց աշխատավարձի և գնում է անժամկետ արձակուրդի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է օգտագործել կառավարության գործունեության դադարեցումը՝ անձնակազմի և աշխատավարձերի զանգվածային կրճատումներ կատարելու համար։ Նա բյուջեի համաձայնեցման խնդրի համար մեղադրել է դեմոկրատներին։
Սեպտեմբերի 29-ին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Կոնգրեսի երկու կուսակցության ղեկավարների հետ: Բանակցություններից հետո դեմոկրատներ Չակ Շումերը և Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել էին իրենց դիրքորոշման մասին՝ ժամանակավոր ֆինանսավորման օրինագծում ներառել «Առողջապահության մատչելիության մասին» օրենքի (Obamacare) սուբսիդիաների երկարաձգումը, որոնց ժամկետը լրանում է այս տարվա վերջին, և Medicaid-ի ֆինանսավորման կրճատումների չեղարկումը։
Իրենց հերթին, հանրապետականները քննադատել են դեմոկրատներին՝ բյուջետային զգալի ներդրումներ պահանջելու համար, որոնք վերաբերում են, օրինակ՝ անչափահասների սեռափոխության վիրահատություններին և առողջապահական ծառայություններին՝ անօրինական ներգաղթյալների համար։