Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգում՝ Բոգո քաղաքից 17 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տվյալներով զոհվել է 6 տասնյակից ավելի մարդ: Աղետի գոտում արտակարգ դրություն է հայտարարվել:
3,4 միլիոն բնակչություն ունեցող Սեբուի նահանգապետ Պամելա Բարիկուատրոն ասել է, որ Բոգոյում և նահանգի հյուսիսում գտնվող հեռավոր քաղաքներում ավերածությունների ծավալը հայտնի կլինի ավելի ուշ։ «Ներկայումս որոնողափրկարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և մտավախություն կա, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել»,- ասել է նահանգապետը։
Աղետի գոտում տասնյակ շենքեր ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել են, կան էլեկտրաէներգիայի խափանումներ, ճանապարհներին և կամուրջներին ճաքեր են առաջացել, ինչը խաթարել է երթևեկությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանին «Բուալոյ» և «Ռագասա» փոթորիկների հարվածից մեկ շաբաթ անց։ Ֆիլիպինները հաճախակի է տուժում երկրաշարժերից և հրաբխի ժայթքումներից՝ խաղաղօվկիանոսյան «Հրե օղակում» գտնվելու պատճառով։