Հնդկաստանը և Ֆիլիպիններն անցկացրել են իրենց առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները Հարավչինական ծովում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Ֆիլիպինցի զինվորականների տվյալներով՝ Չինաստանի ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության նավերը հետևել են զորավարժություններին, գրում է Euronews-ը:
Պեկինն առանձին տարածքային վեճեր ունի Հնդկաստանի և Ֆիլիպինների հետ, ինչպես նաև երկարատև տարածաշրջանային մրցակցություն՝ Նյու Դելիի հետ։
Չինաստանը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ տարածքին, որը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում կարևոր առևտրային ուղիներից մեկն է։ Մալայզիան և Բրունեյը նույնպես հավակնում են այս ջրային տարածքի որոշ հատվածներին։ Դրանց շուրջ մշտական վեճերը հաճախ հանգեցնում են բախումների։
Ֆիլիպինները նախկինում համատեղ պարեկություններ է անցկացրել նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի հետ՝ պաշտպանելով տարածաշրջանում նավարկության ազատությունը և ուժեղացնելով Չինաստանին զսպելու միջոցառումները։
Զորավարժությունները տեղի են ունենում Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսի՝ Հնդկաստան հնգօրյա պետական այցից առաջ։ Այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ պաշտպանության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և դեղագործության հարցերի շուրջ։