Կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով: Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն, գիտություն, բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաև պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչև 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից:
Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:
Այս համատեքստում ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման և հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ:
Նվիրատվությունները կարող են լինել ե՛ւ դրամական, ե՛ւ գույքային տեսքով:
ԲՈՒՀ-երի և խոշոր ու միջին բիզնեսների շրջանում իրականացված հարցումների հիման վրա կանխատեսվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կրթական հաստատություններին ուղղվող նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25 տոկոսով:
Գևորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը: