ԱՄՆ նախագահի վարչակազմը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի սահմանադրականությունը, որով չեղարկվում է ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու կարգը։ Այդ հրամանն ավելի վաղ ճանաչվել էր անօրինական` հայտնում է
CNN-ը։
Հունվարի 20-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել՝ սահմանափակելու ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու իրավունքը այն երեխաներին, որոնց ծնողները երեխայի ծննդյան պահին ապօրինի են գտնվել ԱՄՆ-ում։ Ստորին ատյանի դատարանն այդ որոշումն անօրինական էր ճանաչել։
Վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանի որոշումը «սխալ» է, և այդ տեսակետը դարձել է «լայնորեն տարածված՝ կործանարար հետևանքներով»։
«Ստորին ատյանի դատարանի որոշումը զրկեց օրինական ուժից մի քաղաքականություն, որն առաջնահերթ նշանակություն ունի նախագահի և նրա վարչակազմի համար։ Դա թուլացնում է մեր սահմանների անվտանգությունը և առանց օրինական հիմքի ամերիկյան քաղաքացիության արտոնություն է տալիս հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր դրա իրավունքը չունեն»,- նշվում է վերաքննիչ բողոքում։