ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok-ի գործարքի վերաբերյալ: Ընկերությունն անցնում է ամերիկյան կորպորացիաների վերահսկողության տակ և կարող է շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների տարածքում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շեշտել է, որ TikTok-ն այլևս չի օգտագործվի որպես ամերիկացիների դեմ «քարոզչական գործիք»: «Մեզ պետք էր համոզվել, որ մենք պաշտպանում ենք ամերիկացիների տվյալների գաղտնիությունը, ինչպես պահանջում է օրենքը։ Կարծում եմ՝ մենք դա կարողացել ենք: Իհարկե, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Այս գործարքը նշանակում է, որ ամերիկացիները կարող են օգտագործել TikTok-ը, բայց ավելի մեծ վստահությամբ, քան նախկինում»,- ընդգծել է Վենսը:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հաղորդագրություն էր հրապարակել, որ Եվրոպայում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև խոշոր առևտրային հանդիպումը «շատ լավ» է անցել, ու պայմանավորվածություն է ձեռք բերվել «որոշակի» ընկերության շուրջ, որը երկրի երիտասարդները «շատ էին ցանկանում փրկել»:
Սեպտեմբերի 16-ին Թրամփը հունվարից ի վեր չորրորդ անգամ հետաձգել է TikTok-ի արգելափակումը: Հավելվածը վերահսկում է չինական ընկերությունը, և ԱՄՆ-ն դա գնահատում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։ New York Times-ը նշում է, որ այս դեպքում ուշադրության կենտրոնում է TikTok-ի ալգորիթմը՝ օգտագործողների համար տեսանյութեր ընտրելու համար:
Reuters-ի աղբյուրի տվյալներով՝ համաձայնագիրը կներառի հետևյալ դրույթները. ԱՄՆ-ում օգտագործողների բոլոր տվյալները կպահվեն Oracle-ի կողմից կառավարվող ամերիկյան ենթակառուցվածքում, TikTok-ի տեսանյութերի ընտրության ալգորիթմը «պաշտպանված կլինի, կվերապատրաստվի և կգործի Միացյալ Նահանգներում՝ ByteDance-ի հսկողությունից դուրս»: