Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նստաշրջանի շրջանակում նախարարը ելույթ է ունեցել Ղազախստանի կազմակերպած «Առողջապահության առաջնային օղակի ներդրման քաղաքականությունը. Քաղաքականության հիմնական փոփոխություններ» հարակից միջոցառմանը:
-
ԱԱՊ օղակի զարգացմանն ուղղված բարեփոխումների միջոցառումներով նախատեսված է բժշկական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում` 20 ամբուլատորիայի և 10 պոլիկլինիկաների կառուցում, վերանորոգում.
-
Լիցենզավորման պահանջների և պայմանների վերանայում ԱԱՊ կազմակերպությունների կառուցվածքա-կազմակերպչական ձևերի փոփոխություն.
-
ԱԱՊ կազմակերպություններում ծառայությունների մատուցման մոդելի վերանայում և ծառայությունների ծավալի ընդլայնում.
-
ԱԱՊ օղակում դեղորայքային ապահովման մոդելի և ծավալի վերանայում` մասնավորապես, քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր պացիենտների համար դեղերի ապահովում.
-
Մատուցվող բուժօգնության որակի չափանիշների վերանայում, կադրային ներուժի համալրում, հեռաբժշկության հնարավորությունների զարգացում, մոբիլ ծառայության ներդրում.
-
սքրինինգային ծրագրերի ավելացում:
Իր ելույթում Անահիտ Ավանեսյանը իրականացվող միջոցառումների շրջանակներում առաջնահերթ է համարել ԱԱՊ օղակում ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման շարունակականությունը և բարելավմանն ուղղված միջոցառումների գերակայությունը՝ ՀՀ ամբողջ տարածքում, անկախ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների սեփականության ձևից և պատկանելությունից:
Այդ առումով արդեն իսկ վերանայվել են ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքույրերի կրթական ծրագրերը, Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ընտանեկան բժիշկների մասնագիտական բնութագիրը և գործառույթները: Ավելացել է նպատակային ծրագրերի շրջանակներում «ընտանեկան բժշկություն» մասնագիտացման համար հատկացվող տեղերը՝ 2025 թ. հատկացվել է 14 տեղ: