Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Ոստիկանը, ըստ Սարգսյանի, ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել: Նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:
«Ըստ նախնական տեղեկությունների` մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի»,- ասել է Սարգսյանը:
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ
քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։