Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն:
Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում, և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:
Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով
վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։