Ռուսաստանը պատրաստ է կամավոր հետևել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրով սահմանափակումներին, եթե նման քայլ կատարի ԱՄՆ-ն: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Պուտինը նաև նշել է, որ ռուսական կողմը հետագայում մտադիր է վերլուծել իրավիճակը, որի հիման վրա էլ Մոսկվան որոշում կկայացնի պայմանագրի շրջանակում կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման վերաբերյալ:
Օգոստոսի 27-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման և միջուկային ինտեգրման գծով շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնդրյու Ջեբարան հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել, որը կարող է փոխարինել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը:
Միևնույն ժամանակ, փետրվարին մի շարք կոնգրեսականներ կոչ էին արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին երկարաձգել պայմանագիրը Ռուսաստանի հետ: Իրենց ուղերձում նրանք նշել են, որ նույնիսկ դժվարին ժամանակներում պետությունները միշտ պատրաստ են եղել նստել «բանակցային սեղանի շուրջ՝ աշխարհը միջուկային աղետից փրկելու համար»։