Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։
«Օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը ՀՀ-ի համար, ՀՀ ժողովրդի համար, մեր երեխաների համար մեծագույն ձեռքբերում է։ Եվ ոչ միայն ՀՀ-ի համար, սա ձեռքբերում է ողջ տարածաշրջանի համար, բոլորի համար, տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների համար, որից հետո, ենթադրվում է, երկար, տևական ժամանակ կկարողանանք այդ խաղաղությունը ստեղծել:
Օգոստոսի 8-ը շատ կարևոր հանգրվան էր, շատ կարևոր օր էր: Ես խորապես հավատացած եմ, որ խաղաղության համար, այդ հռչակագրի ստորագրմամբ, մենք առաջին ամենակարևոր քայլերն արել ենք»,- նշեց Երևանի քաղաքապետը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։