Երևանի քաղաքապետարանում, որտեղ հազարից ավելի աշխատակիցներ կան, վստահորեն կարող եմ ասել, որ բուն հեղափոխությունից հետո հակակոռուպցիոն գործունեությունը բավականին մեծ թափ է առել նաև իմ այստեղ գալու պրոցեսում: Այսինքն՝ մենք իրավապահ համակարգի մեր գործընկերների հետ տարբեր հարցերով ունեցել ենք խորհրդակցություններ, նաև Երևանի քաղաքապետարանում մեր իմացությամբ տեղի են ունեցել ինչ-որ գործողություններ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բայց եղել են նաև դեպքեր, որոնց հետ համաձայն չենք եղել: Եղել է նմանատիպ դեպք, երբ մի անձը բերման է ենթարկվել և կալանավորվել, որովհետև մեկ այլ վարչության պետի խնդրել է, որպեսզի մի բան տեղի ունենա, և այս վարչության պետն էլ կալանավորվել է, որ չի թույլ տվել, որ դա տեղի ունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ համակարգային առումով քաղաքային իշխանությունը նախաձեռնողական է եղել համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
«Կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից վերջին 3 տարում Երևանի քաղաքապետարանում, վստահաբար, ավելի շատ բան է արվել, քան վերջին 2-3 տասնամյակում»,- հայտարարեց Ավինյանը:
Դիտարկմանը, թե գործող իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց Երևանի քաղաքապետարանում էլ ենթադրյալ կոռուպցիոներներ կան, Ավինյանը պատասխանեց. «Երևանի քաղաքապետարանում աշխատող մարդիկ իմ զավակները չեն: 30 հազարից ավելի մարդ աշխատում է մի կառույցում, պատկերացնո՞ւմ եք ծավալը՝ ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ ղեկավարը խնդիր է դնում՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք կոռուպցիոն ինչ-որ սխեմաների մեջ են: Այսինքն՝ մենք նախահարձակ ենք եղել»:
Այս համատեքստում Ավինյանը նաև հիշեց, որ կոռուպցիային առնչվող կասկածով քաղաքապետարանում մի ամբողջ վարչություն է գրեթե լուծարել, և վարչության գրեթե բոլոր աշխատակիցները դիմում են գրել: