ԱՆԻՖ-ն ուներ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր և 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել: Ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործունեությանը՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքում 800 նոր աշխատատեղ է ստեղծվել: «Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4.19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5.5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»,- ասաց Ավինյանը։
«Ես ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով, և այն ինֆորմացիան, որ ունեի, ամբողջապես փոխանցել եմ համապատասխան մարմիններին»,- նշեց նա։
Ավինյանը հիշեցրեց, որ ինքը ԱՆԻՖ-ում խորհրդի նախագահ էր, իսկ քննվող գործը խորհրդի նախագահի լիազորությունների և գործունեության հետ ուղիղ կապ չուներ։
Երևանի քաղաքապետի խոսքով` շատ կարևոր է արձանագրել և բարձրաձայնել ԱՆԻՖ ընկերության համագործակցությունը «Օրբիս» ընկերության հետ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է։
«Այս համագործակցությունից Հայաստանում ստեղծվում է նոր ընկերություն, որի նպատակն էր պատրաստել «Օրբիսի» ծրագրով կիբեռանվտանգության մասնագետների, որոնք պետք է իրենց ծառայությունները մատուցեին պետական և մասնավոր ընկերությունների։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ բացահայտ էր, որ կիբեռանվտանգության վտանգների և սպառնալիքների առջև Հայաստանի Հանրապետությունը այդքան էլ ամուր կանգնած չէ։ Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Մեր գործընկերներից մեկը՝ էկոնոմիկայի [նախկին] նախարար Վահան Քերոբյանը, որը պարբերաբար խոսում էր ԱՆԻՖ-ի անարդյունավետությունից, վատ կառավարումից, երբ որ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, քաղաքապետարանում եմ՝ փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսների մեջ եմ, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ամբողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն: Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ, իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում են մի կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը։ Առհասարակ, որևէ բան կառուցելը մեծ ջանք, եռանդ, ժամանակ, ռեսուրս, նյարդ է պահանջում, իսկ քանդելը կարող է մեկ օր, մեկ ժամ, քսան րոպե տևել»,- նշեց Տիգրան Ավինյանը։