2025 թվականի սեպտեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է հերթական իրազեկման և ուսուցման հանդիպումը, որի նպատակն է եղել բարձրացնել տեղական կառույցների և համայնքների պատրաստվածությունն անտառային հրդեհների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է էկոպարեկային ծառայությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են անտառային հրդեհների պատճառած վնասների վերաբերյալ մանրամասն սահիկաշար, խոսել հրդեհների տեսակների և դրանց հանգուցալուծման առանձնահատկությունների մասին։
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը ներկայացրել է ծառայության լիազորություններն ու գործառույթները՝ անտառային հրդեհների կանխարգելման, արձագանքման և հետևանքների գնահատման մասով։ Նա առանձնացրել է նաև օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները, ներկայացրել անտառներում հրդեհային անվտանգության հիմնական կանոնները և համայնքներին կոչ արել ակտիվորեն իրազեկել բնակչությանը։
Հանդիպման կարևոր թեմաներից է եղել նաև համայնքներում կամավորական հրշեջ ջոկատների ձևավորումն ու դրանց կարևորությունը՝ որպես տեղում արագ արձագանք ապահովող ուժ։ Այս համատեքստում ներկայացվել են արդեն ձեռնարկված քայլերն ու ապագա ծրագրերը։
Ըստ էկոպարեկային ծառայության, նմանօրինակ միջոցառումները անցկացվում են ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում և միտված են հրդեհների կանխարգելմանն ու համայնքային դիմադրողականության բարձրացմանը։