Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստին քվեարկեց և ընդունեց առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն էր առաջացել մշակել իրավակարգավորումներ, որոնց օգնությամբ կներդրվի պետական միասնական քաղաքականություն: Ըստ նախագծի՝ ռիելթոր աշխատելու համար պարտադիր կլինի բարձրագույն կրթություն ունենալը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշված փաթեթը շրջադարձային նշանակություն ունի բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման համար, քանի որ առաջարկվում են սկզբունքային և համակարգային փոփոխություններ:
Ընդունվեց նաև ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար:
Ընդունվեց նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող նախագիծը: Ծրագրով նախատեսվում է ներգրավել 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ ներգրավել: Այն ուղղվելու է ոլորտային բարեփոխումների իրականացմանը: