Կառավարիչների համար մենք սահմանել ենք, որ կարող է բարձրագույն կրթության պահանջ չլինել: Որակավորում սահմանված չէ նրանց համար, ովքեր կառավարմամբ պետք է զբաղվեն: Նրանք ընդամենը պետք է իրենց հայտարարությունով ցուցակագրվեն Կադաստրի կոմիտեում: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի դիտարկմանը, թե «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով լիցենզավորման մասին կարգը հաստատելու համար կրթական բարձր շեմ է սահմանվել. խոսքը բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պահանջի մասին է:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք հաշվի առնվե՞լ է ՀՀ-ում փաստացի գործող բրոքերական կազմակերպություններում աշխատակիցների վիճակագրությունը, որոնց մեծամասնությունը բարձրագույն կրթություն չունի:
«Ռիելթորը հենց այն մասնագետն է, որ պետք է ունենա մասնագիտական խոր գիտելիքներ: Մեր կարծիքով և միջազգային փորձի ուսումնասիրությամբ՝ ռիելթորի մասնագետի համար պարտադիր պետք է սահմանված լինի բարձրագույն կրթություն [ունենալու հանգամանքը]»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը ցանկացած ոլորտում բարձրագույն կրթություն ունենալու մասին է: Այդ քաղաքացիները կարող են դիմել և համապատասխան մասնագիտական որակավորում ստանալ:
«Խնդիրն այն է, որ անշարժ գույքի յուրաքանչյուր գործարքի ժամանակ մասնագետներն առնչվում են բազմաթիվ իրավական ակտերի հետ, բազմաթիվ օրենքների, կառավարության որոշումների հետ, որոնց առնչվելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ. դրանք ստացվում են բացառապես բարձրագույն կրություն ունենալու պարագայում:
Ովքեր չունեն, կհորդորեմ հենց հիմիկվանից սկսել իրենց կրթության մասին մտածել և ձեռք բերել բարձրագույն կրթություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել իրավակարգավորումներ, որոնց օգնությամբ կներդրվի պետական միասնական քաղաքականություն: