ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում անդրադարձել է Ուկրաինայի թեմային: Նա հայտարարել է, թե «Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է», և կասկած է հայտնել նրա հետ հանդիպման անհրաժեշտության վերաբերյալ։
Պուտինը հաստատել է մամուլի այն հաղորդագրությունները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իրեն հանդիպել Զելենսկու հետ, և Կրեմլի ղեկավարն առաջարկել է այն անցկացնել Մոսկվայում։
«Ի դեպ, Դոնալդն ինձ խնդրեց հնարավորության դեպքում նման հանդիպում անցկացնել։ Ես էլ ասացի, որ դա հնարավոր է: Ի վերջո, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա՝ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նրա համոզմամբ՝ մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մեկ այլ երկրի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի անվտանգության հաշվին: Միաժամանակ նա նշել է՝ «Մոսկվան երբեք կասկած չի հայտնել Ուկրաինայի իրավունքի վերաբերյալ՝ զբաղվելու իր տնտեսական, բիզնես գործունեությամբ այնպես, ինչպես ցանկանում է։ Դա ներառում է նաև ԵՄ անդամակցությունը»։