Մոսկվան դեմ չէ Եվրամիությանը Կիևի անդամակցությանը, սակայն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը Պեկինում Սլովակիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության առումով Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան դրան դեմ է այսօր, և դեմ կլինի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Նա շեշտել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի իր անվտանգության ապահովման ձևը, սակայն դա չպետք է լինի այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հաշվին:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում կան տարբերակներ, և հակամարտության ավարտի դեպքում կա այս թեմայի շուրջ փոխհամաձայնության հասնելու հնարավորություն։
Ռոբերտ Ֆիցոն իր հերթին դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կիևը կարող է անդամակցել Եվրամիությանը՝ համապատասխան պահանջները կատարելուց հետո:
Պուտինը Պեկինում հանդիպումներ է ունեցել նաև Պակիստանի վարչապետի և Սերբիայի նախագահի հետ: