Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխպատակազմից, Բերդկունք կատարած աշխատանքային այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկել են նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։
Ըստ կառույցի տարածած հայտարարության, ծրագրի շրջանակում նախատեսվում է, հիմնանորոգել Սևան-Գավառ-Մարտունի մայրուղուց դեպի մանկապարտեզ տանող մարզային նշանակության ճանապարհը՝ 750 գծամետր երկարությամբ՝ 5100 քմ մակերեսով։ Կառուցվելու է միակողմանի մայթ և ջրահեռացման համակարգ, տեղադրվելու են նաև բազալտե եզրաքարեր։
Ծրագրի արժեքը՝ 77.5 միլիոն դրամ, ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Շինաշխատանքները մեկնարկել են հուլիսի երրորդ տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։ Այս պահին աշխատանքներն իրականացված են շուրջ 35%-ով։
Մարզպետը նշել է, որ կրթական հաստատություններին սպասարկող ենթակառուցվածքների բարեկարգումը առաջնահերթություն է, քանի որ այն ոչ միայն ապահովում է երեխաների անվտանգ ու հարմարավետ ճանապարհը դեպի կրթություն, այլև նպաստում է համայնքի համաչափ զարգացմանը։