Չինաստանի Թիենծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հռչակագիր են ընդունել համագործակցության ամրապնդման մասին, այդ թվում՝ ռազմական, էներգետիկ և տրանսպորտային, ինչպես նաև ԱԲ-ի համակարգերի անվտանգության ոլորտներում։
ՇՀԿ պետությունների ղեկավարները նաև կոչ են արել Միավորված Ազգերի Կազմակերպությունը բարեփոխումների միջոցով հարմարվել ժամանակակից քաղաքական-տնտեսական իրողություններին և ապահովել զարգացող երկրների ներկայացվածությունը ՄԱԿ-ի կառավարման մարմիններում։
Հռչակագրում ՇՀԿ երկրների ղեկավարները խորը մտահոգությունն են հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման վերաբերյալ։ Նրանք խստորեն դատապարտել են այն գործողությունները, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի և Գազայի հատվածում աղետալի մարդասիրական իրավիճակի։
Բացի այդ, ընդունված փաստաթուղթը դատապարտում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքում իրականացված հարվածները, որոնք ուղղված էին իրանական միջուկային ծրագիրը չեզոքացնելուն։
Փաստաթղթում նշվում է, որ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, հավասարության, փոխադարձ օգուտի, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։
Հատկանշական է, որ գագաթնաժողովի հռչակագրում Ուկրաինայի մասին հիշատակում չկա: