Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերը այցելելու Պեկին՝ մասնակցելու Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնակատարություններին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հավելել, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված են երկու ղեկավարի միջև բանակցությունները, որոնց ժամանակ կքննարկվի երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Սա կլինի տարեսկզբից առաջնորդների միջև վեցերորդ շփումը։
Պեկինի Տյանանմեն հրապարակում կկայանա զորահանդես, որի ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի աջ կողմում կնստի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ձախ կողմում՝ ԿԺԴՀ պետական գործերի կոմիտեի նախագահ Կիմ Չեն Ընը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնականը։
Պատասխանելով սեպտեմբերի 3-ին Պեկինում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Ուշակովն ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը չի մասնակցի Պեկինի հանդիսավոր միջոցառումներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի նախագահ Սին Պուտինին և Թրամփին հրավիրել է Պեկին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությանը: ԱՄՆ նախագահը չի բացառել, որ կօգտվի հրավերից։ Նշվել էր նաև, որ հանդիսավոր միջոցառումներին կմասնակցի 26 օտարերկրյա առաջնորդ: