Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին ցուցումներ չտալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: «Պետք չէ Ուկրաինայի նախագահին ասել, թե ինչ և երբ ասել կամ անել: Նա Ուկրաինայի նախագահն է, այլ ոչ թե Հունգարիայի»,- գրել է Սիբիհան X սոցիալական ցանցում:
Վեճի պատճառը Սիյարտոյի արձագանքն է Զելենսկու հայտարարությանը Ուկրաինայի անկախության 34-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Զելենսկին ակնարկել է, որ «Դրուժբա» նավթատարի վրա հարվածները ուղղակիորեն կապված են Հունգարիայի դիրքորոշման հետ՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում, նշում է ուկրաինական Европейская правда պարբերականը: «Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի ու Հունգարիայի միջև բարեկամությանը: Եվ հիմա «Դրուժբայի» գոյությունը կախված է Հունգարիայի դիրքորոշումից»,- ասել է Զելենսկին:
Հունգարիայի արտգործնախարարը ուկրաինացի առաջնորդի այս խոսքերն ընկալել է որպես սպառնալիք: «Զելենսկին Ուկրաինայի ազգային տոնն օգտագործեց Հունգարիային սպառնալու համար։ Մենք վճռականորեն մերժում ենք Ուկրաինայի նախագահի սպառնալիքները»,- գրել է Պետեր Սիյարտոն X-ում։ Նա նաև կոչ է արել Զելենսկուն վերջ դնել Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա «անխոհեմ հարձակումներին»:
Մեկնաբանելով Սիյարտոյի էներգետիկ անվտանգության մասին խոսքը՝ Անդրեյ Սիբիհան կոչ է արել Հունգարիային դիվերսիֆիկացնել իր նավթի մատակարարումները և «անկախանալ Ռուսաստանից, ինչպես մնացած Եվրոպան»։