Մեր կյանքը, կենցաղը, խոսույթը, իրականությունն այնքան են ներծծված կոնֆլիկտով և պատերազմով, որ պետք է կառավարել նույնիսկ մեր իրականության և խաղաղության բախման ռիսկը: Սա նուրբ, չափազանց նուրբ սոցիալ-հոգեբանական, հանրային, քաղաքական, կառավարչական, տնտեսական աշխատանք է, որը պիտի միասին անենք. յուրաքանչյուրս մեր տեղում, մեր չափով, բայց միասին բոլորը՝ ժողովրդով, ամենքով: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն: Ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը: Նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով:
Մեր ամենատարածված հարցը մեր իրականության մեջ կամ կոչը, որ մենք ամենաշատն ենք օգտագործում՝ «լավ է լինելու» կամ հարցականով «լա՞վ է լինելու» արտահայտությունը պետք է անցյալին ժառանգենք այլևս, որովհետև «լավ է լինելու»-ին փոխարինելու է գալիս «լավ է»-ն՝ արտահայտված խաղաղությամբ»,- նշեց վարչապետը: