Ռյազանի մարզի Լեսնոյ գյուղի արտադրամասում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնել է մարզի օպերատիվ խումբը:
«Կա 134 վիրավոր, որոնցից 31-ը գտնվում են Ռյազանի և Մոսկվայի հիվանդանոցներում, 103-ը ամբուլատոր բուժում են ստանում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Ռուսաստանի Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի Լեսնոյ գյուղի արտադրամասում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Շիլովսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ռյազանի մարզի քննչական վարչությունը հայտնել է քրեական գործի հարուցման մասին՝ ՌԴ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (վտանգավոր արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան)։
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան