Անտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում:
Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության, մարզպետի աշխատակազմի, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, մարզի համայնքների պատասխանատու պաշտոնյաներ:
Ավետիսյանը, կարևորելով նման ձևաչափով քննարկման կազմակերպումը, նշել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ անհրաժեշտ է առավել մեծ զգոնություն ցուցաբերել և գործել համակարգված՝ հրդեհների հնարավոր դեպքերը կանխարգելելու կամ հրդեհները արագ մարելու համար:
Նա չի բացառել նաև հրդեհների առաջացման հարցում մարդկային գործոնի առկայությունը և ընդգծել լայն իրազեկման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, խիստ վերահսկողության սահմանումը:
Գաբրիելյանը նույնպես կարևորել է բոլոր շահագրգիռ կառույցների միջև սերտ գործակցությունը անտառային հրդեհներից մարզը զերծ պահելու համար: Նա նշել է, որ հրդեհների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի քան կրկնակի աճել են, ինչը մտահոգիչ ցուցանիշ է:
Տեղեկացվել է նաև, որ խոզանների և խոտածածկ տարածքների այրումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են նաև հրդեհների դեպքում համագործակված աշխատանքներ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր: