Ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների՝ Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:
«2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում՝ սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ՝ երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆեկտները։
Կարծում եմ՝ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։
Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։