Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն։ Էմանուել Մակրոնը նշել է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կանի սեպտեմբերին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
«Անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Գազայում և փրկել քաղաքացիական բնակչությանը։ Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրվի», - շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Նա ընդգծել է նաև Համասի ապառազմականացման կարևորությունը։ Սաուդյան Արաբիան և Իսպանիան ողջունել են Մակրոնի գաղափարը: Իսպանիայի վարչապետը ընդգծել է՝ երկու պետության բանաձևը հակամարտության կարգավորման միակ լուծումն է։
Կանադայի վարչապետը դատապարտել է Իսրայելին՝ Գազայում հումանիտար ճգնաժամը կանխելու անկարողության համար, նաև հորդորել հարգել Արևմտյան Ափի և Գազայի տարածքային ամբողջականությունը:
Մարկ Քարնին նաև կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել գերիներին: Նա ևս աջակցել է Մակրոնի որոշմանը: Իսրայելի վարչապետը դատապարտել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը:
ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է՝ «Փարիզի խելահեղ որոշումը հետ է մղում խաղաղության ջանքերը»: Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, թե «Մակրոնի խոսքերը ոչ մի նշանակություն չունեն»:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։