2024 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ և գլխավորությամբ ձևավորված մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում, որին մասնակցում էր նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հաղթող է ճանաչվել քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը:
«Արձանի ստեղծման ֆինանսավորումը ամբողջությամբ իրականացվել է Երևանի քաղաքի բյուջեի հաշվին: Մենք հատկացրել ենք շուրջ 85 մլն դրամ: Քանդակը կրում է «Լա Բոհեմ» անվանումը, և այն ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլև խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ: Քանդակի գաղափարը առաջացել է այդ խորհրդանշական պահից, երբ «Լա բոհեմ» երգի կատարման ժամանակ Ազնավուրը բեմում հանում էր իր սպիտակ թաշկինակը ու պարում բոհեմական մեղեդու ներքո, իսկ հանդիսատեսը ձեռքերը մեկնած սպասում էր, թե երբ երգիչը կնետի թաշկինակը: Ուզում եմ նշել, որ արձանը հենց այդ անմոռանալի պահն է մարմնավորում: Նշեմ, որ քանդակը պատրաստված է բրոնզից, կիրառվել են մարմար և կարմիր էմալ, արձանի ձուլումն իրականացվել է Գյումրի քաղաքում»,- նշեց Լևոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Երևանի Ազնավուրի հրապարակում բացվել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանը:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը: