ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է հաստատել Սիրիայում վերջին բախումների կողմերի հետ և հասել հրադադարի: Մարկո Ռուբիոն կոչ է արել հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ լուրջ ջանքեր են գործադրել՝ դադարեցնելու Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում ռազմական գործողությունները, որոնց մասնակցել են Արաբական Հանրապետության կառավարական ուժերը, բեդուինական ցեղերը և դրուզների ինքնապաշտպանական ուժերը: Բախումներին ներգրավվել է նաև Իսրայելը: ՑԱՀԱԼ-ը հարվածել է աս-Սուեյդայում Սիրիայի կառավարական ուժերին, ինչպես նաև Դամասկոսին: Բենիամին Նեթանյահուն ևս հաստատել է, որ բախումները դադարեցվել են: Նա թվարկել է Սիրիայում Իսրայելի գործողությունների նպատակը՝ Դամասկոսից հարավ ընկած շրջանի ապառազմականացում և դրուզների պաշտպանություն։
«Դամասկոսի ռեժիմը զորքեր էր ուղարկել հարավ և կոտորում է դրուզներին։ Մեր հզոր գործողության արդյունքում սիրիական ուժերը նահանջեցին Դամասկոս։ Յոթ ճակատով խաղաղության ենք հասնում ուժի միջոցով։ Առաջիկայում ևս առաջնորդվելու ենք այս բանաձևով», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։