Ես գործում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման և փրկության օրակարգի շուրջ: Ես գործում եմ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ առաջին հերթին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա դա տվյալ դեպքում համընկել է այն փաստի հետ, որ ես նաև ՀՀ վարչապետ եմ: Հիմա այդ երկուսն իրարից տարանջատելի չեն, բայց ես գործում եմ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, որի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբություն է»,- նշեց նա:
Վարչապետն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա, որին, նրա խոսքով, պատշաճ ուշադրություն չի դարձվել:
«Այդ հանգամանքն այն է, որ և՛ տրամաբանորեն, և՛ պատմականորեն Մայր Աթոռը պետք է մեր բարոյականության էպիկենտրոնը լինի և իր կոչումով այդպիսին է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր արժեքների, մեր հոգևոր և բարոյական արժեքների էպիկենտրոնն է: Եվ մենք՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և հոտ, իմանալով այդ ամեն ինչի մասին, եթե մենք որևէ պահի կանգ առնենք և այդ օրակարգը չտանենք մինչև վերջ, դա կարող է ընկալվել որպես մեր հրաժարում բարոյականությունից և բարոյական արժեքներից: Երբ քո բարոյականության, քո հոգևոր արժեքների կենտրոնը ապաբարոյականացված է, և սրբությունները պղծված են, եթե որևէ պահի հանկարծ երկմտես և կանգ առնես և հրաժարվես վեհարանն ազատելու և Մայր Աթոռը իր արժեքներին վերադարձնելու օրակարգից, դա կարող է նշանակել և մեկնաբանվել, որ հանրությունը, մեր հանրության մեծամասնությունը, որոնք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ են, որ հանրությունը հրաժարվում է բարոյականությունից և իր բարոյական արժեքներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով կաթողիկոսին վեհարանից հեռացնելու հարցին՝ վարչապետը նշեց. «Դա պետք է տեղի ունենա: Տարբերակ չկա, որ տեղի չունենա, և դա տեղի է ունենալու: Ասում են՝ ինչպե՞ս: Այնպես, ինչպես եղել է արդեն, ոչ մի նորություն, ոչ մի նոր բան»: