Գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ 1lurer.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացրին․
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը), 296-րդ 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը)»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը հունիսի 18-ին բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։
Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է Կարապետյանի հարցազրույցից հետո, երբ նա հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
«ՀՀ-ում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ: Բայց եթե մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է «իր ձևով» մասնակցությունը, ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ «իր ձևով» որևէ հարց լուծելը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննչական մարմինները գործողությունների վերաբերյալ կտան համապատասխան գնահատական:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, թե հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու պահը: