Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։
Սամվել Կարապետյանն ու եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ավելի ուշ՝ գիշերը, դուրս էին եկել առանձնատնից, Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե իր ասելիքը նույնն է՝ ինքը Եկեղեցու ու ժողովրդի կողքին է:
«Ո՛չ մի «Էլեկտրական ցանց», թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց «Էլեկտրական ցանցի» վրա էլ։ Ամեն ինչ լավ է լինելու»,- մասնավորապես ասել էր Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է գործարարի հայտարարություններին:
«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։
Այսինքն՝ այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե ՀԷՑ-ը իրենցը չէ, ո՞ւմն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։
Ասել է թե՝ ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կա՛մ ՀԷՑ-ի սպառող է, կա՛մ աշխատակից։
Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Դա տեղի կունենա արագ, և իմ հանձնարարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։