Ուրբաթ Հյուսիսային Իրաքում գտնվող մի քարանձավի մուտքի մոտ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երեսուն քուրդ զինյալ այրել է զենքերը, ինչը խորհրդանշական քայլ էր Թուրքիայի դեմ տասնամյակներ շարունակվող ապստամբությունը դադարեցնելու ճանապարհին:
Քուրդ, իրաքցի և թուրք պաշտոնյաների ներկայությամբ զինյալները, որոնց մեծ մասը կանայք են, ԱԿ-47 ինքնաձիգներ, փամփուշտներ և այլ զենքեր են տեղադրել մեծ մոխրագույն կաթսայի մեջ՝ այրելու համար: Արարողությունը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի Սուլեյմանիա բնակավայրից 60 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Դուկան քաղաքի Ջասանա քարանձավի մուտքի մոտ՝ գրում է Reuters-ը:
Թուրքական պետության հետ հակամարտության մեջ գտնվող և 1984 թվականից ի վեր օրենքից դուրս հայտարարված ՔԱԿ-ն մայիսին որոշել է լուծարվել, զինաթափվել և դադարեցնել իր զինված պայքարը՝ կուսակցության՝ երկար ժամանակ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրապարակային կոչից հետո։
Խաղաղության հաստատման մի շարք անհաջող փորձերից հետո նոր նախաձեռնությունը կարող է ճանապարհ հարթել Անկարայի համար՝ դադարեցնելու ապստամբական շարժումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40000 մարդ, մեծ խնդիրներ ստեղծել տնտեսության զարգացման համար, խոր սոցիալական ու քաղաքական պառակտում առաջացրել Թուրքիայում և ամբողջ տարածաշրջանում: