ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան Ռուսաստանի որոշ քաղաքացիների մուտքի արգելքին:
Զախարովան նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչի և այլ գործիչների մուտքի արգելքը համարել է անբարյացակամ քայլ, որը հակասում է ռուս-հայկական համագործակցության դաշնակցային բնույթին։ Նա նշել է, որ հարցը քննարկել են երկու երկրի արտգործնախարարները՝ մայիսին Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ։
«Հայկական կողմին առաջարկել ենք կոնկրետ քայլեր և սպասում ենք Երևանի արձագանքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան մեկնաբանել է լուրերը, թե Ադրբեջանն Ուկրաինային զենք է մատակարարել։ Նրա խոսքով՝ նմանատիպ բոլոր տեղեկությունները մանրամասն ստուգվում են։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է ռուսաստանցիների և ադրբեջանցիների ձերբակալությունների ֆոնին Մոսկվա-Բաքու վերջին լարվածությանը: Պաշտոնյան տեղեկացրել է, որ Մոսկվան աշխատանքային կապերի մեջ է Բաքվի հետ իրավապահ մարմինների գծով։ Զախարովայի համոզմամբ՝ ծագող խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ հույս է հայտնել, որ Բաքուն կհրաժարվի Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիների նկատմամբ անարդար և դաժան վերաբերմունքից: Նաև հայտնի է դարձել, որ «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 11-ից արգելում է ադրբեջանական երկու արտադրողի կաթնամթերքի ներմուծումը:
Նշվում է, որ ընկերությունները հրաժարվել են ռուսական կողմի ստուգումներից, ինչպես նաև հետաքրքրված չեն Ռուսաստան հետագա մատակարարումներով:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։