ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել. նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՔԿ-ից:
«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Մ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Ա.Մ.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հաստատեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կապված են իրար հետ: Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն: