Մայր Աթոռը էժանագին շոուներով փորձում է Վեհարանում թաքցնել Աջապահյանին՝ նպատակ ունենալով սադրել և բախումներ հրահրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Ռազմական հեղաշրջման կոչեր անողին թաքցնելով Վեհարանի պատերի տակ՝ փորձում են իրավապահներին դրդել գործողության։
Էժանագին շոուներով, թե ես ուզում էի գայի, չթողեցին․ ոչ ոքի չի հաջողվի խուսափել օրենքի առաջ պատասխանատվությունից»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։