ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Այդ կապակցությամբ 2025 թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործումը:
«Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է: Այնտեղ են իրավապահները՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հոգևորականների և ոստիկանների միջև
հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին
1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։