Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործումը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է:
Հոգևորականների և ոստիկանների միջև
հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին
1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։