«Այսպիսով, Գերագույն հոգևոր խորհուրդը,Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, նույնպես միացավ մարդկանց գյուլլողների ու ավտոբուսներ վառողների պաշտպանության արշավին»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Բայց սա էլ է բնական: Բագրատ սրբազանի շարժումը, ըստ իր իսկ հայտարարությունների, գործում էր Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ: Լավ է, որ գոնե այս հարցում հետևողական է ուխտազանցը, ահաբեկչություն օրհնողը»,- գրել է նա։
Ռուբինյանը մեկ այլ գրառմամբ նշել է․
«Կաթողիկոսի` կուսակրոն չլինելու հետ խնդիր չունեցողները խնդիր չունե՞ն այն փաստի հետ, որ կաթողիկոսը խնդիր չունի մարդկանց գյուլլելու ու ավտոբուս վառելու հետ»։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը Եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան
«Լուրերը» ճշտել է այն անձանց անունները, որոնց նկատմամբ ՔԿ-ն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։