Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։
Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը»,- նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: