Իսրայելական Rafael պաշտպանական ընկերությունը պատրաստվում է դատի տալ Ֆրանսիայի կառավարությանը։ Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Լը Բուրժեի միջազգային ավիատիեզերական սրահում փակվել է իսրայելական կորպորացիաների (Israel Aerospace Industries (IAI), Rafael, UVision, Elbit և Aeronautics) հինգ տաղավարի մուտքը։
Համապատասխան որոշումն ընդունել են Ֆրանսիայի իշխանությունները՝ պատճառաբանելով, որ ցուցադրված հարձակողական սպառազինությունը կարող է օգտագործվել Գազայի հատվածում: Իսրայելական ընկերությունների ներկայացուցիչները խիստ վրդովվել են ընդունող կողմի գործողություններից։
Rafael-ը, Elbit-ը և IAI-ը արտադրում են կառավարվող ռումբեր և հրթիռներ, իսկ UVision-ը՝ անօդաչու թռչող սարքեր։
Սա առաջին դեպքը չէ, երբ իսրայելական զենք արտադրողները Ֆրանսիայում բախվում են հակազդեցության։ Անցյալ տարվա հունիսին իսրայելցիներին թույլ չէին տվել մասնակցել Eurosatory ցամաքային սպառազինությունների ցուցահանդեսին, նույն տարվա նոյեմբերին էլ՝ Euronaval ռազմածովային շոուին։