Արհեստական բանականության մասին մենք մտածում ենք, նոր տեխնոլոգիաները շատ կարևոր են թե՛ որպես առանձին կրթության ուղղություն, թե՛ որպես կրթության տեխնոլոգիա, որը բոլոր առաջարկների և ընդհանրապես կրթության պրոցեսի փոփոխությանն է տանում: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե սկսել ենք դպրոցներում կիրառել արհեստական բանականությունը և նոր տեխնոլոգիաները:
«Արհեստական բանականության առումով երկու ծրագիր ունենք մասնավորի հետ, որոնք փորձարկվում են մեր դպրոցներում: FAST հիմնադրամի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ - խմբ.) հետ ծրագրով այս տարի կունենանք նաև դպրոցների ընդլայնում. կմիանա ավելի քան 10 դպրոց ևս:
Ծրագիրը հաջողությամբ փորձարկվել է, նաև միջազգային հարթակներում է ներկայացվում, նաև Հայաստանի փորձն են ուսումնասիրում այս ուղղությամբ:
Բայց սա մի ուղղություն է, որտեղ շատ անորոշություններ կան: Մենք էլ ենք փորձում անընդհատ նայել, թե երկրներն ինչ մոտեցումներ են կիրառում: Վերջերս էլ փոխնախարարը մի քննարկման էր Լոնդոնում, և այստեղ արդեն իսկ լավ փորձ ունենք, բայց այն իրավիճակում ենք, որ ամբողջ աշխարհն է ճանապարհներ փնտրում, և պիտի շատ հետևողականորեն աշխատենք»,- ասաց նախարարը: