Երբ խոսում էի 238 մլրդ աշխատավարձի ֆոնդի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերն այդ ամեն ինչի մեջ փոքր են 5 տոկոսից: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ առավոտյան խնդրել է ֆինանսների նախարարությանը տվյալներ տրամադրել, ապա ստացած տվյալների հիման վրա անդրադարձավ այն քննարկումներին, թե պետք է պարգևատրում չտալ պետական համակարգի աշխատողներին, փոխարենը պետք է թոշակ բարձրացնել:
«Եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով: Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, նախարարություններով և այլնով, բոլորը՝ 0 աշխատավարձ»,- ասաց նա և հավելեց, որ եթե անգամ նման որոշում լիներ, կենսաթոշակառուների 70 տոկոսը չէր ստանա այդ գումարը, քանի որ գոյություն չէր ունենա այն համակարգը, որով գումարը Ա կետից տեղափոխվում է Բ կետ: